Ենթամշակույթներ. ընդհանուրն ու կարևորը

images (2)

Ի՞նչ է ենթամշակույթը

Ենթամշակույթը (լատ. sub – տակ, cultura – մշակույթ) սոցիոլոգիայում և սոցիալ-մշակութային մարդաբանության մեջ ընկալվում է հասարակության մշակույթի մի մաս է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների որոշակի սոցիալական խումբ է: Ենթամշակույթը կարող է գերիշխող մշակույթից տարբերվել արժեքների սեփական համակարգով, լեզվով, անդամների վարվելակերպով, հագուստով և այլ առանձնահատկություններով: Տարբերում են ազգային, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական և այլ հիմքերի վրա ձևավորված ենթամշակույթներ: Որպես կանոն ենթամշակույթը ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, ենթամշակույթները կազմավորվում են էթնիկական հանրույթների կողմից, որոնք տարբերվում են հիմնական լեզվից առանձնացող խոսվածքներով: Նշանավոր այլ օրինակներից են երիտասարդական ենթամշակույթները:

Տերմինի պատմությունը

1950 թ.-ին ամերիկացի սոցիոլոգ Դևիդ Ռայզմենը իր հետազոտություններում ենթամշակույթը բնորոշեց որպես մարդկանց խումբ, որոնք կանխամտածված ընտրում են փոքրամասնության կողմից նախընտրելի ոճ և արժեքներ: Երևույթի ավելի խորը վերլուծությունը կատարեց Դիկ Հեբդիջը իր՝ «Ենթամշակույթ. ոճի հասկացությունը» գրքում: Ըստ Հեբդիջի՝ ենթամշակույթները գրավում են նմանատիպ ճաշակներով մարդկանց, որոնց չեն բավարարում համընդհանուր չափորոշիչներն ու արժեքները:

Ֆրանսիացի Միշել Մաֆեսոլին օգտագործում էր «քաղաքային ցեղեր» հասկացությունը՝ երիտասարդական ենթամշակույթները բնորոշելու համար:

Ենթամշակույթների փոխհարաբերությունները

Ինչպես ցանկացած մշակութային երևույթ, ենթամշակույթները ևս առաջացել են ոչ թե մշակութային վակուումում, այլ մշակութապես հագեցած միջավայրում: 20-րդ դարի հասարակությունը հագեցած էր բազմատեսակ գաղափարներով, փիլիսոփայական ուղղություններով և մշակութաբանական այլ տարրերով, ուստի չէ կարելի ասել, որ ենթամշակույթները մեկուսացված են և թշնամական վերաբերմունք ունեն զանգվածային մշակույթի նկատմամբ. դրանք բարդ հարաբերություններ ունեն ինչպես զանգվածային մշակույթի, այնպես էլ այլ ենթամշակույթների հետ:

Ենթամշակույթների գենետիկական կապերը

Մշակույթների միջև սերտ կապերը հնարավորություն են ընձեռում հետևել ժողովուրդների շարժին, լեզվի զարգացմանը և մարդու տեխնոլոգիական զարգացմանը: Ենթամշակույթների միջև սերտ կապերը նույնպես հնարավորություն են տալիս հետևել 20-րդ դարում հայացքների փոփոխությանը և դրանց զարգացմանը: Թերևս ենթամշակույթների ամենասերտ կապերն ունեն պանկերի ենթամշակույթը և նրա «հետնորդները»՝ գոթերը և այլն:

Հակամարտությունները

Որոշ ենթամշակույթների միջև գոյություն ունի թշնամանք: Դա վերաբերում է երաժշտական ենթամշակույթներին և տարբեր երաժշտական ճաշակների հիմքի վրա հակամարտություններին: Քանի որ տարածված ենթամշակույթների մասին բավականին շատ է խոսվել, ապա այս նախագծի շրջանակներում կփորձենք ներկայացնել լայն շրջանակներին քիչ հայտնի կամ քննարկվող ենթամշակույթներ, դրանց մասնակի նկարագիրը և տարածվածության աստիճանը:

Ենթամշակույթների տեսակներ

Ֆետիշիզմ

Այլ կերպ ֆետիշիզմը անվանում են սեքսուալ սիմվոլիզմ։ Որպես սեռական գրգիռ և սեռական հաճույքի աղբյուր ֆետիշիստներն օգտագործում են զուգընկերոջը հիշեցնող անշունչ առարկաներ։ Ֆետիշիզմի զարգացման հիմքում ընկած է շփման խանգարումը, և այդ է պատճառը, որ ֆետիշիստները նախապատվությունը տալիս են անշունչ առարկաներից սեռական հաճույք ստանալուն, քանի որ վերջիններիս հետ շփումը անհամեմատ հեշտ է։ Պատահական չէ, որ ֆետիշիզմը առավել հաճախ հանդիպում է ինտրովերտ, պարփակված, դժվար շփվող անձանց մոտ։

Ֆետիշիզմի ընդհանուր հոգեբանական հիմք է մարդու հակվածությունը ստեղծելու սիմվոլներ և էրոտիզացնելու որոշ առարկաներ։ Գոյություն ունեն սիմվոլներ, որոնք այս կամ այն չափով համընդհանուր են, այսինքն՝ կրում են մշակութային սեքսուալ սիմվոլիզմի նշանակություն։ Այսպես, տղամարդուն գայթակղում են ոչ միայն կնոջ սեռական օրգանները, այլև սեռական օրգաններ պատկերող նկարները կամ այն առարկաները, որոնք հիշեցնում են կանանց։ Պարաֆիլիան ձևավորվում է այն դեպքում, երբ սիմվոլը դառնում է ֆետիշ, երբ այն ակամայից կառավարում է սուբյեկտին՝ դառնալով այն աստիճան անհաղթահարելի, որ խանգարվում է նորմալ սեռական ակտի իրականացումը` տառապանքներ պատճառելով անհատին։ Օրինակ՝ տղամարդուն գրավում է ոչ թե կնոջ մարմինը, այլ միայն նրա ոտնաթաթը կամ կուրծքը, կամ էլ կնոջը պատկանող որևէ առարկա՝ կոշիկ կամ ձեռնոց։ Ֆետիշիզմը շրջապատի համար որևէ վտանգ չի սպառնում։ Այն ծայրաստիճան աղքատացնում է անհատի սեքսուալ կյանքը՝ զրկելով նրան անձնային որոշակի հատկանիշներից: Չնայած ֆետիշիստի սեռական կյանքը արտաքինից կարող է թվալ բավականին հարուստ և ոչ ստերեոտիպային, սակայն իրականում դա հոգեսեռականում առկա բացը լրացնելու տարբերակ է։ Ֆետիշիստին բնորոշ է ծիսային գործողություններով հարուստ վարքը /ռիտուալիզացված/: Ֆետիշիզմը ձևավորվում է շատ վաղ տարիքում, սովորաբար մինչև սեռական հասունացման շրջանը։ Ֆետիշիստը ապրում է միայն սեփական երևակայություններով, իսկ նրանց լիցքաթափման միակ ճանապարհը ձեռնաշարժությունն է։ Քանի որ նրանց երևակայությունները կրում են խիստ տարօրինակ բնույթ, նրանք չեն կարողանում պատմել որևէ մեկին, առանձնանում են շրջապատից՝ խորացնելով իրենց պարփակվածությունը։ Ֆետիշիզմը ձևավորման առաջնային փուլում խիստ բնորոշ է դեռահաս խմբերին, հատկապես այն շրջանակներին, որոնցից կազմավորվում են միջին կամ ավագ դպրոցները: Այս երևույթի տարածման չափերի մասին հստակ տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ շատ հազվադեպ դեռահասներ կան, ովքեր պատրաստ են խոսել այդ մասին կամ տալ հարցազրույց: Ավելին՝ կոռեկտության տեսակետից ևս անմիջական քննախույզի կազմակերպումը համարում ենք անհարգի: Այլ է խնդիրը երիտասարդների կամ հասունության այդ փուլն հաղթահարածների պարագայում: Այստեղ արդեն կան ձևավորված որոշակի խմբեր, որոնք հարգելի և զուտ անձնային պատճառներով փակ են հասարակության մնացյալ շերտերի համար: Այս արժեքների կրողներ և խմբեր կան նաև Հայաստանում:

Գրաֆիցիզմ

Գրաֆիցիզմ հասկացությունը, որպես ենթամշակույթ գոյություն ունի մոտ 30 տարի և աստիճանաբար մասսայական տարածում է ստանում: Արմատները գալիս են Նյու Յորք քաղաքից: Այլ երիտասարդական ուղղություններից տարբերվում է իր բարդությամբ, սակայն միևնույն ժամանակ բոլորին տեսանելի կերպով իր նպատակների, տեսակետների արտահայտմամբ:

Գրաֆիցիստներն ավելի երիտասարդ են քան շատ ՛՛լավ գումար՛՛ վաստակողները, սակայն նրանց կարիերան երկարատև չէ: Նրանց կատարած աշխատանքը չի ակնկալում դրամային պարգև, աշխատանքն ինքն արդեն պարգև է նրանց համար: Նրանք ձգտում են փառքի, ճանաչվածության և ուշադրության կենտրոնում հայտնվելուն:

Գրաֆիցիզմը Հայաստանում սկսել է տարածում ստանալ վերջին տարիներին: Այդ ուղղության հետևորդները երիտասարդներ են, ովքեր իրենց համար որպես ինքարտահայտման միջոց ընտրել են փողոցներում կամ առանձին բաց տարածություններում հետաքրքրաշարժ և շատ դեպքերում ստեղծագործական մեծ վարպետություն պահանջող, խոր իմաստ պարունակող պատկերներ անելով: Վերջին շրջանում լայն տարածում են գտել այսպես կոչվող 3D տեսակի պատկերները: Սա բաց ենթամշակույթի տեսակ է և ունի զարգացման և ծավալման հեռանկարներ, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իր դրսևորումներով որևէ վտանգ չի պարունակում ենթամշակույթը կրողի կամ հասարակության մնացյալ հատվածի նկատմամբ: Այս ենթամշակույթը հատկապես տարածված է 14-23 տարեկան դեռահասների և երիտասարդների շրջանում:

Վամպիրների ենթամշակույթ

Այս ենթամշակույթը ապրելաոճի այլընտրանքային տարբերակ է: Սերում է հիմնականում գոթական ենթամշակույթից և որոշ տարրեր էլ որդեգրել է սադոմազոխիստական ենթամշակույթից :

Վամպիրական շարժման հետևորդները գրավված են վամպիրների մասին լեգենդներով, հատկապես Դրակուլայի պատմությունով: Իրենց պատկանելությունը կամ մեծ նվիրվածությունը ցուցաբերելու համար նրանք փորձում են հագնվել վամպիրների նման, կրել հատուկ աքսեսուարներ, որոնց օգնությամբ կտարբերվեն կամ կարող են հաճախել փակ երեկույթներին: Փոքրիկ աքսեսուարն ապացույց է նրանց գաղափարների հետ համաձայն լինելուն և նրանց քո կյանքում մեծ տեղ տալուն: Սակայն այս ենթամշակույթը պետք չէ ընկալել Վամպիր կամ վամպ բառի ուղղակի իմաստով: Այս ենթամշակույթի կրողների գրավում է Վամպիր հասկացության արտաքին մշակությանի նկարագիրը: Գոնե Հայաստանում, գործողություններ ծավալող տեսակ չկա: Իսկ ընդհանրապես այն շատ քիչ է տարածված և հիմնականում մաս է կազմում գոթական ենթամշակույթի:

Հաքերներ

<<Պատերազմական խաղեր>> ֆիլմից հետո համակարգչային հաքերի կերպարը անբաժանելիորեն կապվեց համակարգչի մշակութային, սոցիալական և քաղաքական պատմությանը:

Որպես ենթամշակույթ հաքերները զարգացրել են յուրահատուկ ոճային զգացողություն, որը ժամանակի ընթացքում փոփոխվել է: Որպես երիտասարդական մշակույթ, հաքերները անընդհատ ուղիներ են փնտրում խոչընդոտելու կամ խանգարելու իշխանություններին: Հաքերային մշակույթը ձևավորվել է 1950,1960-ականներին Արևելյան ափի համալսարանների համակարգչային լաբորատորիաններում: Այն համակարգչային ծարագրավորողների գործունեության արդյունքն էր, ովքեր անում էին ամեն ինչ` խափանելու, խոչընդոտելու կամ գողանալու համակարգչային ռեսուրսներ:

Արդյունքում, այս հաքերները հաճախ ստիպված էին լինում աշխատելու մինչև ուշ գիշեր կամ վաղ առավոտ, օգտագործելով իդեալականից հեռու մեքենաներ, լուծելու իրենց առաջ դրված խնդիրներ:

Լուծումները կամ հաքերը, սկիզբ դրեցին վաղ համակարգչային մշակույթին: Օրինակ մեծ համակարգչային լաբորատորիաների հաքերները ներգրավվում էին գաղտնաբառեր բացելու գործընթացում: Յուրաքանչյուր հաքեր սպասարկում էր մեկ ծրագիր` գտնելով հնարավոր լուծումներ ծրագրավորման խնդիրների համար: 1970-ականների կեսերին Հարվարդի համակարգչային գիտակներից մեկը թողեց Հարվարդը, տեղափոխվեց Նյու Մեխիկո և սկսեց գրել Altair 8800-ի համար համակարգող ծրագրեր: Համակարգչային գիտակի անունը Բիլ Գեյթս էր, իսկ ընկերությունը, որը նա հիմնեց այդ ծրագրերը գրելու համար` Մայքրոսոֆթը:

Հաքերների ենթամշակույթի ենթախմբեր

Սպիտակ գլխարկ

Այս ենթախմբի հաքերները կոտրում են համակարգային անվտանգությունը ոչ չարակամ նպատակներով: Նրանց անվանում են նաև էթիկական հաքերներ:

Մոխրագույն գլխարկ

Մոխրագույն գլխարկ հաքերը Սև և Սպիտակ գլխարկ հաքերների համադրությունն է: Նա կարող է աշխատել համացանցում և ներխուժել որևէ համակարգչի անվտանգության համակարգ զուտ նախազգուշացնելու համար: Ինչից հետո նրան առաջարկվում է փոքրիկ վճարի դիմաց վերանորոգել համակարգը:

Էլիտար հաքերները սոցիալական հատուկ կարգավիճակ ունեն, քանի որ նրանք համարավում են ամենահմուտները:

Սև գլխարկ

Սև գլխարկ հաքերերը ներխուժում են անվտանգության համակարգեր և ոչնչացնում տեղեկատվությունը կամ դարձնում համակարգը ոչ օգտագործելի տվյալ համակարգի օգտատերերի համար:

Այս ենթամշակույթը Հայաստանում խմբային տարածում չունի: Այն ունի հիմնականում անհատական դրսևորումներ: Սա ունի իր ուղղակի և անուղղակի պատճառները, որոնք ինչպես այլ երկրներում, Հայաստանում ևս կապված են իրավական դաշտի հետ:

Վերջաբան

Անկախ նրանից, թե սոցիալ- տնտեսական կամ հասարակական ինչ հիմքեր ունեն ենթամշակույթները, պետք է փաստել, որ դրանք կան, գոյություն ունեն մեր

իրականության մեջ: Մեր խնդիրն է ոչ թե տալ գնահատական այս կամ այն ենթամշակույթին, այլ տալ դրանց առանձնահատկությունների, մեր երկրում դրանց տարածվածության ընդհանուր պատկերը: Պարզ է, որպես ուսումնասիրության ոլորտ այն շատ լայն է և պահանջում է խոր և մանրակրկիտ ուսումնասիրություն: Ժամանակի ընթացքում ձևավորվում և զարգանում են նոր ենթամշակույթներ, որոշներն էլ աստիճանաբար դադարում են գոյություն ունենալ: Կան ենթամշակույթներ, որոնց զարգացումը սերտորեն կապված է ժամանակի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի հետ, ինչպես հաքերների կամ գրաֆիցիստների դեպքում: Վերջիններս, համեմատաբար վերջերս են տարածում գտել մեր երկրում: Այս ենթամշակույթին պատկանում են հիմնականում երիտասարդ կամ միջին տարիքի անձինք: Իրենք իրենց վառ երևակայությամբ փորձում են մարդկան կտրել առօրյայից և մի պահ տեղափոխել իրենց աշխարհ: Ի տարբերություն հաքերների և գրաֆիցիստների, ֆետիշիզմի հետևորդներն հասարակության այն մասն են, որոնց բնականաբար հեշտ չէ միանգամից նկատել կամ տարբերել: Սակայն նրանց թիվը ևս քիչ չէ, և ժամանակի ընթացքում նրանք դառնում են փակ խմբավորում:

Կան ենթամշակույթներ, որոնք չեն կարող պարզապես ուսումնասիրվել: Դրանցով պետք է լուրջ հետաքրքրվի ոչ միայն հասարակությունը, այլ նաև պետական իշխանությունները: Սրանք այն ենթամշակույթներն են, որոնց հիմանական զանգվածը դեռահասներ են, ովքեր ելնելով տվյալ ենթամշակույթին բնորոշ որոշակի առանձնահատկություններից, միտված են վնաս հասցնելու սեփական կամ շրջապատի առողջությանը: Ինչպես սատանիզմի կամ գոպնիկների դեպքում:

Ի հավելումն վերջինիս, պետք է նշել, որ շատ դեպքերում այս կամ այն ենթամշակույթին սկսում են հետևել հիմնականում վաղ դեռահասության տարիքում, երբ երեխայի մոտ դեռ լիովին ձևավորված չէ կայուն արժեհամակարգ և նրա գործողություններն հիմնականում հոգեհուզական դրդապատճառներ: Երեխայի ճիշտ, նրա բարոյաֆիզիկական առողջությանը չվնասով միջավայր ընտրելու հիմանական պատասխանատվությունն իհարկե կրում է ընտանիքը, ծնողը, ընտանեկան առողջ մթնոլորտը, սակայն պետք է նշել նաև դպրոցի և առանձին ուսուցչի դերն այս գորժընթացում: Միաժամանակ չճնշելով և չկոտրելով երեխայի կամային առանձնահատկությունները, այս երկու օղակները պետք է գործեն համատեղ և ամենակարևորն է, մեկ նպատակով` կերտելու առողջ հոգեֆիզիկական, ազատ մտածող անհատ-քաղաքացի:

Հեղինակներ՝   Լալա Մանուկյան, Ստելլա Երիցյան

Սեմինարավար ՝ Վահրամ Թոքմաջյան

Leave a comment